ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք:
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն. Հ.-ն և Վ. Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ խմբի կազմում նախնական համաձայնությամբ միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին Ն. Հ.-ն և Վ. Թ.-ն վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Նռնաձոր գյուղի մերձակայքում ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել և կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում:
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ն. Հ.-ն և Վ. Թ.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել են։
