ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ զինադադարի» պայմաններում ռուսական զորքերը շարունակել են հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, հայտնում են երկրի իշխանությունները։ «Ռուսները «շահեդ»-ով հարվածել են Կիևի էլեկտրակայանին, ինչի հետևանքով բազմաթիվ շրջաններում էլեկտրաէներգիա է անջատվել։ Ավելի ուշ հարվածներ են հասցվել Խարկովի մարզի էներգաօբյեկտներին։ Եվ սա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ էներգետիկ հրադադարի մասին հայտարարությունից հետո», — կիրակի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո Telegram-ի իր ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մեկնարկի մասին՝ նշելով, որ երկու կողմերն էլ տվել են իրենց համաձայնությունը։ Զելենսկին հայտարարել է, որ առաջին անգամ է լսում նման պայմանավորվածության մասին, սակայն ավելի ուշ հաղորդել է, որ հրամայել է Ուկրաինայի զինված ուժերին հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նմանատիպ քայլ է ակնկալում նաև Մոսկվայից։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի տվյալներով՝ ՌԴ զինված ուժերը հարձակվել են Խարկովի ՋԷԿ-5-ի վրա։ «Ռուսաստանը խախտեց էներգետիկ հրադադարը հենց դրա հայտարարումից անմիջապես հետո», — հայտարարել է նախարարը։ Խարկովի արվարձանում, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը, հրթիռային հարվածի հետևանքով հարված է հասցվել խանութին, հաղորդել են Ուկրաինայի ԱԻՊԾ-ում։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա, ևս առնվազն 22-ը վիրավորվել են, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Առավոտյան ռուսական անօդաչու սարքերը մասնակիորեն ավերել են Խարկովի Կիևյան շրջանի բազմահարկ շենքերից մեկը, գրել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Տուժել է 15 մարդ։
Բացի այդ, անցած գիշեր Ռուսաստանը հարվածել է Ժիտոմիրի մարզի երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այնտեղ հրդեհներ են բռնկվել, տուժածների մասին չի հաղորդվել։ Իշխանությունների տվյալներով՝ Օդեսայի մարզի հարավում հարձակման են ենթարկվել «փոստային օպերատորի լոգիստիկ տարածքները»։ Արդյունքում վնասվել են շենքի ճակատամասը, ապակեպատումը և սարքավորումները, սակայն ոչ ոք չի տուժել։ Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել չանվանված ձեռնարկությունում,- հաղորդել են ԱԻՊԾ-ում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզի Օդեսա, Կրիվոյ Ռոգ և Պյատիխատկի բնակավայրերի մերձակայքում չորս լոկոմոտիվների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Բացի այդ, գերատեսչությունը պնդում է, որ ՌԴ զինված ուժերը գիշերը խոցել են բեռնատար նավ, որը դեպի Օդեսա էր տեղափոխում «ռազմական նշանակության բեռներ»։
