Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում,  2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին շրջել էր նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում, մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին։

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր էր հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:

Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Լուսանկարչատուն հասցեում գտնվող՝ 44.39 քմ մակերեսով, 651 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. Հողատարածքը և դրա վրա գտնվող՝ 4 միլիոն 925 հազար դրամ  շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շենքը վերադարձվել են Վանաձոր համայնքի տիրապետմանը։

Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 16-ը՝ 4662.84 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *