Ղարաբաղից տեղահանված անձանցից ավելի քան 53 հազարը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար, իսկ ավելի քան 45 հազարն արդեն ստացել է այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն՝ անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված անձանց հետ Ազգային ժողովում անցկացված քննարկմանը։

«Քննարկումը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների վերաբերյալ էր։ Հրավիրված էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում անդրադառնում էին այն խնդիրներին, որոնք բարձրացնում էին տեղահանված մեր հայրենակիցները»,-նշել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ ՆԳՆ լիազորություններին առնչվող հարցերը վերաբերել են քաղաքացիության ձեռքբերման գործընթացին։

«Մենք արդեն ունենք 53 հազարից ավելի դիմումներ քաղաքացիության ձեռքբերման մասով, և ավելի քան 45 հազար Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներ արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-հայտնել է Ղազարյանը։

Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում վարչական ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ։ Քննարկման ընթացքում բարձրացվել է նաև անհրաժեշտ փաստաթղթերի, մասնավորապես՝ ծննդյան վկայականների բացակայության հարցը։

«Առանց ծննդյան վկայականի քաղաքացիության շնորհման գործ չի կարող լինել, և դա տրամաբանական կառուցակարգ է՝ նախատեսված քաղաքացիության մասին մեր օրենսդրությամբ։ Ուստի քննարկում ենք և լուծումներ ենք փնտրում»,-ասել է փոխնախարարը։

Ղազարյանի խոսքով՝ արդեն կիրառվում է փաստի հաստատման նոտարական մեխանիզմը, որը դատական ընթացակարգի համեմատ ավելի պարզեցված տարբերակ է։ Արդարադատության նախարարությունը նաև նախաձեռնել է տուրքերից ազատման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։

«Մենք ունենք դեպքեր, երբ մարդիկ գնում են, իրենց ծննդյան փաստը հաստատում են նոտարի մոտ»,-նշել է նա՝ կարևորելով այս հնարավորության մասին քաղաքացիների իրազեկումը։

Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման ժամկետներին՝ Ղազարյանն ընդգծել է, որ վարույթի մեկնարկից ի վեր այդ ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը։

«Եթե մենք ունենում ենք նմանատիպ ժամկետի խախտումներ, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ խախտումները եզակի են»,-հավելել է նա։

Փոխնախարարը պարզաբանել է, որ փաստաթղթերի հավաքման փուլը չի համարվում վարչական վարույթի մեկնարկ։ Ըստ նրա՝ 90 աշխատանքային օրվա հաշվարկը սկսվում է դիմումը ներկայացնելուց և համապատասխան վարույթի մեկնարկից։ Առաջարկվող լուծումները նպատակ ունեն դյուրացնել նաև դիմելուն նախորդող՝ փաստաթղթերի հավաքման և փաստի հաստատման փուլը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *