1.Ի՞նչ գաղափար է ընկած «Որդիների կանչը» անվան հիմքում։
«Որդիների կանչը» անվան հիմքում մեր որդիների և պատերազմի բոլոր զոհերի անունից հնչող արդար պահանջն է՝ իրավական պատասխանատվության ենթարկել նրանց, ում որոշումների և գործողությունների հետևանքով մի ամբողջ սերունդ գիտակցաբար զոհաբերվեց «հանուն ոչնչի»: Միայն նրա համար, որ որևէ մեկին չմեղադրեն դավաճանության մեջ, հազարավոր երիտասարդների կյանքեր դրվեցին վտանգի տակ՝ մի ամբողջ սերնդի ճակատագիր դարձնելով քաղաքական հաշվարկների առարկա:
Մեր որդիների ձայնն այլևս չի կարող հնչել, բայց նրանց անունից արդարության պահանջը չի լռելու։
«Որդիների կանչը» հենց այդ պահանջի շարունակությունն է՝ պատասխանատվության, ճշմարտության և արդարության հասնելու մեր պայքարը:
2.Որո՞նք են կազմակերպության հիմնական ուղղությունները, և ի՞նչ ծրագրեր եք իրականացնում այսօր։
Կազմակերպության գործունեության հիմքում ի սկզբանե եղել է իրավական պահանջը՝ հասնել պատերազմի հանգամանքների համակողմանի քննության և մեղավորների պատասխանատվության։ Սակայն ժամանակի ընթացքում բախվելով այն իրողությանը, որ գործող իշխանության պայմաններում իրավական ճանապարհով արդարության հասնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մեր պայքարը ձեռք է բերել նաև քաղաքական բաղադրիչ։
Մենք համոզվել ենք, որ երբ իշխանությունն ինքն է խոչընդոտում ճշմարտության բացահայտմանը և պատասխանատվության հաստատմանը, արդարության վերականգնումը հնարավոր չէ պատկերացնել առանց քաղաքական փոփոխությունների։ Հետևաբար, իրավական պատասխանատվության պահանջին զուգահեռ, մեր պայքարի կարևոր ուղղություններից է դարձել նաև իշխանափոխության քաղաքացիական պահանջը։
Մեր նպատակը ոչ միայն անցյալի համար պատասխանատվության հասնելն է, այլև այնպիսի իրականության ձևավորումը, որտեղ մարդկային կյանքը չի զոհաբերվի քաղաքական շահերին, իսկ պետական հանցագործները չեն ազատվի պատասխանատվությունից։
3.Ի՞նչ աջակցության կարիք ունի կազմակերպությունը՝ իր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։
Մեզ անհրաժեշտ է հասարակության ավելի լայն աջակցությունը, համերաշխությունը և հետևողական մասնակցությունը։ Արդարության պահանջը չպետք է մնա միայն զոհված զինծառայողների ծնողների կամ առանձին նախաձեռնությունների ուսերին․ այն պետք է դառնա հանրային պահանջ։
Մեզ համար կարևոր են նաև իրավաբանական և մասնագիտական աջակցությունը, անկախ լրատվամիջոցների ուշադրությունը և քաղաքացիական հասարակության համախմբումը։ Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է, որ մարդիկ չհաշտվեն անարդարության հետ և չընդունեն անպատժելիությունը որպես բնականոն իրողություն:
4.Ի՞նչ խնդիրներ կան ձեր գործունեության ոլորտում, որոնք, ձեր կարծիքով, բավարար ուշադրության չեն արժանանում հանրության կամ պետական կառույցների կողմից։
Ամենակարևոր և, մեր համոզմամբ, բավարար ուշադրության չարժանացած խնդիրը պատերազմի հանգամանքների լիարժեք ու անաչառ քննության, ինչպես նաև դրա համար պատասխանատու անձանց իրավական պատասխանատվության հարցն է։
Մինչ օրս հանրային պահանջը չի ստացել այնպիսի իրավական լուծում, որը կվերականգներ զոհվածների ընտանիքների վստահությունը արդարադատության նկատմամբ։ Մենք անընդունելի ենք համարում այն իրավիճակը, երբ մի ամբողջ սերնդի կորստի հանգամանքները շարունակում են մնալ հասարակության համար ցավոտ ու անպատասխան հարցերի շարքում, իսկ պատասխանատվության պահանջը բավարար չափով չի վերածվում իրական գործողությունների։
Մյուս լուրջ խնդիրն այն է, որ արդարության պահանջ բարձրաձայնող մարդիկ իրենք են բախվում հետապնդումների։ Մեր պայքարի ընթացքում կազմակերպության տարբեր անդամներ հետապնդվել են, իսկ նրանցից ոմանք շարունակում են հետապնդվել շինծու մեղադրանքներով։ Սա ոչ միայն առանձին մարդկանց իրավունքների խնդիր է, այլև լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանն ու քաղաքացիական պայքարին:
5.Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վերաբերմունքը ձեր գործունեության և բարձրաձայնվող խնդիրների նկատմամբ։
Հասարակության վերաբերմունքն արտացոլում է երկրում տիրող ընդհանուր իրավիճակը՝ կատարվածի սթափ գնահատականից և արդարության պահանջից մինչև լիակատար անտարբերություն։
Ցավոք, մեր դիտարկմամբ, գերակշռում է հենց անտարբերությունը։ Եվ սա, թերևս, ամենացավոտ իրողություններից մեկն է։ Երբ մի ամբողջ սերնդի կորուստը, հազարավոր ընտանիքների ողբերգությունը և պատասխանատվության հարցը չեն դառնում հասարակական կյանքի մշտական օրակարգի մաս, անարդարությունը ժամանակի ընթացքում վտանգավոր կերպով սկսում է ընկալվել որպես սովորական երևույթ։
6.Ի՞նչ դեր կարող են ունենալ լրատվամիջոցները՝ ձեր գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման բարձրացման գործում։
Մեր գործունեության լուսաբանման և բարձրաձայնվող խնդիրների հանրայնացման հարցում լրատվամիջոցների դերը չափազանց կարևոր է։ Անկախ և պատասխանատու լրագրությունը հնարավորություն է տալիս հանրությանը տեղեկացված մնալ, լսելի դարձնել անտեսված ձայները և թույլ չտալ, որ հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցերը դուրս մղվեն հանրային օրակարգից։
Այս առումով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք արագ արձագանքում են մեր բարձրաձայնած խնդիրներին, հետևողականորեն լուսաբանում մեր գործունեությունը և մեր նկատմամբ ցուցաբերում սրտացավ վերաբերմունք։
Մեզ համար այդ աջակցությունը պարզապես տեղեկատվության տարածում չէ․ դա նաև հնարավորություն է՝ շարունակելու պայքարը ճշմարտության և արդարության համար, երբ դրանց հասնելու ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։
