Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բաշկորտոստանը։ Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն անօդաչուների վտանգի ռեժիմ է հայտարարել, իսկ Ուֆայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների սպասարկումը։ Պայթյունների և հարվածների մասին հայտնել են Ստեռլիտամակի բնակիչները։ Ինչպես պարզել է Astra-ն՝ ուսումնասիրելով մոնիթորինգային ալիքների լուսանկարներն ու տեսանյութերը, անօդաչուների թիրախը եղել է Բաշկիրական սոդայի ընկերության (ԲՍԸ) գործարանը։ Հարձակումից հետո տարածքից ծուխ է նկատվել։
ԲՍԸ-ն Ռուսաստանի խոշորագույն քիմիական համալիրներից մեկն է, որն առաջին տեղն է զբաղեցնում երկրում կալցինացված և սննդային սոդայի արտադրությամբ։ Ձեռնարկությունը մտնում է «Ռոսխիմ» հոլդինգի կազմի մեջ, որին պատկանում է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (57,43%)։ Ընդ որում՝ համալիրը ներառված է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտպանական ձեռնարկությունների փակ ռեեստրում։ ԲՍԸ-ն ռազմական գործարաններն ապահովում է աղաթթվով և դիքլորէթանով, ինչպես նաև տերեֆտալոիլքլորիդի միակ արտադրողն է Ռուսաստանում։ Սա կենսական նշանակություն ունեցող միացություն է սինթետիկ բալիստիկ թելերի, գերամուր պոլիմերների և արամիդային նյութերի ստեղծման համար։ Դրանից պատրաստում են զրահաբաճկոններ, սաղավարտներ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և ավիացիայի զրահապաշտպանության տարրեր։ Մինչ այս անօդաչուները ԲՍԸ-ի վրա հարձակվել էին նաև օգոստոսի 27-ին։ Այն ժամանակ ևս ձեռնարկության վերևում ծուխ էր բարձրացել, իսկ իշխանությունները հարձակումը չէին մեկնաբանել։
Անօդաչուների վտանգի պատճառով օդային տագնապ է հայտարարվել նաև Պերմի երկրամասի բնակավայրերում։ Պերմում շչակները միացել են տեղական ժամանակով մոտ 6:30-ին, ինչից հետո ուսումնական հաստատություններում տարհանում է սկսվել։ Հոկտեմբերի 23-ին Պերմի երկրամասի Բերեզնիկի քաղաքում ԱԹՍ-ները թիրախավորել էին «Ուրալխիմին» պատկանող «Ազոտ» քիմկոմբինատը։ Այս ձեռնարկությունն արտադրում է, ի թիվս այլնի, ազոտական թթու, որը ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների կողմից օգտագործվում է պայթուցիկ նյութերի և վառոդի արտադրության համար։
Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Մոսկվան։ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ գիշերվա ընթացքում դեպի Մոսկվայի տարածաշրջան է թռել 613 անօդաչու։ «Մեծ մասը չեզոքացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռահար մատույցներում։ 231 անօդաչու խոցվել է Մոսկվային մոտենալիս»,- նշել է Սոբյանինը։ Գիշերը Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը։ Առավոտյան սահմանափակումները հանվել են,- հայտնել է «Ռոսավիացիան»։
