Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։
Քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեում մինչև տարեվերջ անհրաժեշտ վերաբաշխումների իրականացմանը, ինչպես նաև չորրորդ եռամսյակի ծրագրերի կատարողականի վերաբերող հարցեր։
Նախարարը հանձնարարել է մեկնարկել տարեկան հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև կամավոր ատեստավորման գործընթացին․ նախարարը հանձնարարել է կազմել և հրապարակել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման ժամանակացույցը՝ ապահովելով պատշաճ իրազեկում:
Քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ։
