«Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություններ և լրացում, որոնց արդյունքում քաղաքացիները կկարողանան եկամուտների հայտարարագրման «սոցիալական ծախսեր» համակարգից որոշակի չափով գումարներ ուղղել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և կուսակցություններին»։

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խնդրանքով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։

Քննարկման առանցքում Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ։

Առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակը։

Համլետ Սահակյանը պարզաբանել է, որ քաղաքացիներն իրենց հայտարարագրի էջում տեսնելու են համապատասխան կազմակերպությունների ցանկը և ցանկության դեպքում կարողանալու են համապատասխան գումարն ուղղել իրենց նախընտրած կազմակերպությանը։ Գումարի չափը նախատեսված է 1000 դրամ յուրաքանչյուր ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ կուսակցության համար։ Առավելագույնը կարող է լինել 3000 դրամ։ Նշելով այդ դաշտը՝ Պետական եկամուտների կոմիտեն գումարը կփոխանցի համապատասխան կազմակերպությանը։

Քննարկման մասնակիցները հիմնականում ողջունել են նախագծի առկայությունը, նաև ներկայացրել առաջարկներ և դիտողություններ։ Մասնավորապես առաջարկվել է կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև ոչ պետական հիմնադրամներին, վերանայել գումարի սահմանաչափը և այլն։

Համլետ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ շարունակել քննարկումները և նախագիծը լրամշակել ընդունելի առաջարկների դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *