Նոյեմբերի 24-ի գիշերվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 699 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի վեց շրջաններում, Ղրիմում և Սև ծովի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 355 անօդաչու թռչող սարք։ Ըստ պաշտոնյայի՝ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 63 ԱԹՍ։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ի առավոտյան հայտարարել են, որ Ռուսաստանը գիշերը երկրի ուղղությամբ արձակել է 96 անօդաչու թռչող սարք. ժամը 08:00-ի դրությամբ դրանցից 73-ը խոցվել կամ ճնշվել է, այդ թվում՝ 45 ռեակտիվ ԱԹՍ։ Հայտարարության համաձայն՝ հարվածներ են գրանցվել 13 վայրերում։
Նաև ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ժիտոմիրի մարզի «Կորոստեն» կայարանին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել է։ Հարվածի պահին կայարանի մոտակայքում գտնվել է էլեկտրագնացք։ Իրականացվել է տարհանում, մարդիկ դուրս են բերվել կայարանի շենքից և ուղարկվել ապաստարան։
Հաղորդվում է նաև, որ Կիևի մարզի Դիմեր բնակավայրին նոյեմբերի 22-ին հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
