2023 թվականին կառավարության որոշումներից մեկով նախատեսվել է Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից տարածքում շուրջ 13200.54 քառ. մ մակերեսով հողամասը ճանաչել պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ և հատկացնել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին՝ ժամանակակից առևտրի կենտրոն կառուցելու նպատակով։
Գործընթացը, ըստ երևույթին, հարթ չի ընթանում, քանզի կազմակերպությունը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ թվով 11 սեփականատերերի՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել վերջիններիս՝ վաճառելու իրենց գույքը համապատասխան գումարով։
Կկարողանա՞ պետությունը խուսափել հեռավոր 2000-ականներին Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում տեղի ունեցած դեպքերի կրկնությունից, երբ բազմաթիվ սեփականատերեր, համաձայն չլինելով առաջարկվող փոխհատուցվող գումարների չափին, պարզապես «դեպորտացիայի» ենթարկվեցին իրենց տներից։
