Այս մասին Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները:
«2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է: 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ աշխատատեղերն ավելացել են 223 895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ, ավելացել է 135 000 դրամով:
Հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները, բարեբախտաբար և ուրախալի կերպով, նորություն չեն, որովհետև Կառավարության նիստին այս թեմաներին պարբերաբար անդրադառնում ենք»,- ասել է նա:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 10,1 տոկոս ՏԱՑ-ի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ ՏԱՑ-ը կազմել է 8,1 տոկոս:
Սկզբնաղբյուրը՝ «Հայկական ժամանակ» լրատվական կայք
