Դեկտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն դատարան մուտք է գործել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ստորև ներկայացված մեղադրական եզրակացությամբ․
Հովիկ Հովսեփի Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:
2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում, հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Դատավորն է Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանը։
