Վերջին շրջանում արձանագրվում են արցախցիների վարձակալած բնակարաններից կատարված գողության դեպքեր։
Ամանորի նախաշեմին նման դեպք է կատարվել արցախցի նորաստեղծ ընտանիքում։ Երիտասարդներն ընտանիք են կազմել մի քանի ամիս առաջ։ Նրանք տուն են վարձակալել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ էլ կատարվել է գողությունը(ունեցած ամբողջ գումարը և ոսկին)։ Անմիջապես դիմել են Ոստիկանություն, ժամանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի աշխատակիցները, կատարվել է փորձաքննություն։
Առ այսօր չկա որևէ տեղեկություն գործի ընթացքի, արդյունքների և ընդհանրապես հեռանկարի վերաբերյալ։
Շենքի ողջ շրջակայքով մեկ առկա տասնյակ տեսախցիկներից և ոչ մեկը օրեր շարունակ (գուցե առ այսօր) չի ուսումնասիրվել կամ զննվել, և ոչ մի հարևան չի հարցաքննվել։
Ամուսինը, ով Արցախի ՊԲ-ի սպա էր, այժմ տաքսու ծառայություն է մատուցում, իսկ կինն աշխատանքի է անցել Երևանի տպագրատներից մեկում։
Նրանք հույս ունեն, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ՀՀ իրավապահ մարմինները՝ Ոստիկանությունը, Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժինը, կանեն հնարավորն ու անհնարինը հանցագործությունը բացահայտելու և իրենց կորուստը վերադարձնելու համար։
