Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում իրավիճակը «լիակատար վերահսկողության տակ է»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Ալ Ջազիրային», նախարարն այս հայտարարությունն արել է Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը նշել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են զենք մատակարարվում ցուցարարներին, և նշել է, որ Իրանի իշխանությունները շուտով կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։
Արաղչիի խոսքով՝ իշխանությունները ուշադիր հետևում են փողոցներում ծավալվող իրադարձություններին։ Նա կարծում է, որ ցույցերը «հրահրվել և սադրվել են» օտարերկրյա տարրերի կողմից։ Նախարարը խոստացել է, որ իրավապահ մարմինները «պատասխանատվության կենթարկեն» իրադարձությունների համար պատասխանատուներին։
Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին բողոքի ցույցերի ժամանակ հարյուրավոր մահերի մասին։ Մասնավորապես, Associated Press-ը, հղում անելով ամերիկյան մարդու իրավունքների կազմակերպության տվյալներին, հայտնել է 544 մահվան դեպքի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ էին, իսկ 48-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երկրում գրեթե երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10,600 մարդ։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
