Թեքսասի A&M համալսարանի գիտնականները մշակել են ներարկում, որը խթանում է նախասրտային նատրիուրետիկ պեպտիդի (ANP) արտադրությանը:
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science բժշկագիտական հանդեսում:
Ինֆարկտից հետո սիրտը վնասվում է և ստիպված է աշխատել ուժեղացված ծանրաբեռնվածությամբ: Ի պատասխան, օրգանիզմն արտադրում է ANP հորմոն, որը նվազեցնում է սրտի մկանների վրա ծանրաբեռնվածությունը և պաշտպանում հյուսվածքը հետագա վնասներից: Սակայն հորմոնի բնական մակարդակը սովորաբար բավարար չէ վերականգնումը զգալիորեն արագացնելու համար:
Նոր ներարկումը լուծում է այդ խնդիրը: Դեղամիջոցը ներարկվում է կմախքային մկանների մեջ, որտեղ բջիջները ստանում են ժամանակավոր «հրահանգներ»՝ սկսելու լրացուցիչ ANP արտադրել: Հորմոնը մտնում է արյան մեջ և հասնում է սիրտ՝ նվազեցնելով օրգանի վրա ծանրաբեռնվածությունը և նպաստելով հյուսվածքների վերականգնմանը: Հետազոտողների կարծիքով՝ մեկ չափաքանակը բավարար է հորմոնների արտադրության աճը մի քանի շաբաթ պահպանելու համար:
«Ըստ էության, մենք ամրապնդում ենք սրտի սեփական պաշտպանական համակարգը: Օրգանիզմն արդեն օգտագործում է ANP-ն պաշտպանության համար, և մենք պարզապես օգնում ենք նրան ավելի շատ նման նյութ արտադրել վերականգնման կարևորագույն ժամանակահատվածում»,- պարզաբանում են գիտնականները։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
