Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանի Տուապսե քաղաքին՝ վնասելով ծովային տերմինալը և, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Տուապսեի նավթավերամշակման գործարանը: Նախորդ հարվածից հետո բռնկված հրդեհը մարելու համար պահանջվել է չորս օր:
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ Սև ծովի ափին գտնվող Ռուսաստանի Տուապսե քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավահանգստի վրա: Այնտեղ հրդեհ է բռնկվել: Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ավելին, բեկորներից վնասվել են մի քանի շենքերի պատուհաններ, այդ թվում՝ տարրական դպրոցի և մանկապարտեզի, թանգարանի, եկեղեցու և բնակարանային շենքի: Վնասվել է նաև գազատար:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` հարձակման է ենթարկվել նաև Տուապսեի նավթավերամշակման գործարանը:
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
