Ալպերի խորքում հսկայական հորատող մեքենաները ճեղքում են լեռնազանգվածը։ Բրեններ լեռնանցքում կառուցում են աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելը,- գրում է Euronews-ը։

Շտայնախ ամ Բրենները Տիրոլի ալպիական գյուղերից է և Եվրոպայի խոշորագույն շինհրապարակներից մեկը։ Հենց այստեղ է կառուցվում Բրենների բազային թունելը։ Թունելը կմիացնի Ավստրիան Իտալիային և կդառնա Եվրոպայի հարավն ու հյուսիսը կապող անդրեվրոպական երկաթուղային միջանցքի առանցքային օղակը։

64 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հսկա կառույցը կդառնա աշխարհի ամենաերկար ստորգետնյա երկաթուղային գիծը։

«Այստեղ աշխատում են ողջ Եվրոպայի տասնմեկ երկրների ներկայացուցիչներ։ Ներգրավված են եվրոպական առաջատար ընկերություններ։ Միայն Herrenknecht-ն այս պահին ութ հորատող մեքենա ունի գործի մեջ», – հայտնել է նախագծի ղեկավարներից մեկը՝ Անդրեաս Ամբրոզին։

Herrenknecht-ը թունելախորշման խոշոր մեքենաների արտադրության համաշխարհային առաջատարներից է, և այն նույնպես եվրոպական արտադրություն է։ Այս ահռելի մեքենաներն ապահովում են մինչև 6000 ձիաուժ հզորություն։ Դրանցից որոշները հասնում են գրեթե 20 մետր բարձրության և ձգվում հարյուրավոր մետրեր։

Herrenknecht ընկերությունն ամբողջ աշխարհում ունի շուրջ 5000 աշխատակից։ Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է մեկ միլիարդ եվրոն։ Herrenknecht-ի հորատող մեքենաները թունելներ են անցկացնում Հուանհե (Դեղին գետ) գետի և Պանամայի ջրանցքի տակով, ինչպես նաև Ալպերի ու Հիմալայների միջով։

Ընկերությունը կես դար առաջ հիմնադրել է ինժեներ Մարտին Հերենկնեխտը, որը գերմանական արդյունաբերության առանցքային դեմքերից է։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *