Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն օրերս խոսել է Հանրային հեռուստաընկերությունից իրեն հեռացնելու պատճառների մասին. «Նոր տարվա ֆիլմում, որն իրենք նկարահանել էին, ինձ առաջարկվեց կարդալ ձայն։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետեւ ոնց որ ծաղրես այն ամենը, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։ Բացի այդ, իմ պայմանագրում կետ չկա, որ ես ինչ-որ բան պետք է անեմ կամ՝ չէ։ Եվ տարբեր պրոդյուսերներ էին անընդհատ ինձ հետ կապվում, ասում էին՝ այդ տեքստը խնդրում ենք … Նրանց ասացի՝ խնդիր չկա, պարզապես մի քանի բան խմբագրեք, որովհետեւ տեքստում նկատեցի միտում, որ կարծես ձեռք առնեին իմ հայերեն գրական խոսելը։ Նաեւ՝ գուսանների, աշուղների տարիների աշխատանքը ոնց որ ցանկանային ծաղրել։ Ասացի․ խնդրում եմ՝ խմբագրեք, եւ կկարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, պատասխանեցի՝ չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեսքով լինի։ Չեմ ուզում ասել, թե ում անունն էր նշված, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում ու վիրավորական էր»: Լեւոնյանի այս մերժումից որոշ ժամանակ անց էլ որոշում է կայացվել նրան հեռացնել Հ 1-ից: «Ժողով են արել, նստել-քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածությունս դրել են հեռացման։ «Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց։ «Երգ երգոցից» էլ հիմա կրկնություններն են ցույց տալիս, որ չգիտեմ՝ ինչ լինի…»,- ասել է նա:
«Երգ երգոց» նախագիծը փակվել է դեռ 2020 թվականին, սակայն հաղորդումը եթերազրկելուց 6 տարի անց Հ1-ը պարբերաբար կրկնում է «Երգ երգոցի» հին հաղորդաշարերը: Հարց է առաջանում․եթե այդքան պահանջված հաղորդում է, որ մինչ օրս կրկնում եք հին հաղորդումները, ինչո՞ւ է եթերազրկվել: Դեռ 2020-ին տեսակետներ հնչեցին, որ հաղորդումը եթերազրկելու պատճառը դրա ազգային բովանդակությունն է, քանի որ օրվա իշխանություններն ատում են ցանկացած ազգային երեւույթ: Այսքան պատահականություն չի կարող լինել` բուհերի հայագիտական առարկաները դարձրին կամընտրական, դպրոցներից սկսեցին հեռացնել փառքի անկյունները, Արարատ սարի պատկերը, ցեղասպանության հարցը բարձրացնելը, «Արցախ» բառը:
«Երգ երգոց» հաղորդաշարի սցենարի հեղինակ, լեզվաբան Լեւոն Գալստյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Հանրայինը որոշեց եթերազրկել սիրված հաղորդումը, կա՞ն արդյոք նմանօրինակ հաղորդումներ հայկական հեռուստաեթերում: Գալստյանն ասաց. «Պատճառը չգիտեմ: Ոչ մի պատճառաբանություն: Հանրության արձագանքը դրական էր` հաղորդման մասին, մարդիկ այն սիրով էին դիտում, դիտում էին ոչ միայն Հայաստանում, այլեւ` սփյուռքում: Տարբերությունը մյուս երաժշտական հաղորդումներից այն է, որ խոսվում է երգի մասին, ժամանակի մասին: Վերլուծում էին` երգելուց բացի: Սոսկ երգեր չէին հնչում, այլեւ խոսվում էր երգի ժամանակաշրջանի, մշակույթի մասին եւ այլն: Ես որքանով հետեւում եմ հեռուստաաշխարհին, նման հաղորդում չկա: Որեւէ ալիքով չեմ տեսել, համենայնդեպս»: Գալստյանը նաեւ խոսեց Խորեն Լեւոնյանի` Հ1-ից հեռանալու մասին. «Չգիտեմ, թե Խորենի հեռանալը որքանով է կապված մեր հաղորդաշարի փակման հետ, սակայն ես տեսա, որ նրան ստիպել են ծաղրել գուսաններին, իսկ նա հրաժարվել է: Նա ճիշտ է վարվել: Այլ մանրամասների ծանոթ չեմ, սակայն կիսում եմ նրա տեսակետը»:
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
