Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանից ապաստան հայցող ՌԴ քաղաքացի, խուլիգանության համար մեղադրվող Օ. Կ.-ի պաշտպանի հատուկ վերանայման բողոքը և ուժի մեջ թողել նրա նկատմամբ կիրառված՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը:

Ռուս տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Համաձայն գործի նյութերի՝ Օ. Կ.-ն 2025 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, գտնվելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ սրահում գտնվող ուղևորների, ինչպես նաև աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որն արտահայտվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, այն է՝ ոգելից խմիչքի շիշն այնտեղ առկա նստարանների ուղղությամբ նետելով, ինչպես նաև հայ կանանց ու աղջիկներին, հայ ազգին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, ինչպես նաև անհասցե բազմաթիվ հայհոյանքներ հնչեցնելով և անպարկեշտ արտահայտություններ կատարելով, որպիսի գործողությունների արդյունքում խախտվել է այնտեղ գտնվող աշխատակիցների և ուղևորների անդորրը, խոչընդոտվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը:

Դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունը, որը 2026 թվականի ապրիլի 2-ին երկարաձգվել է 3 ամսով՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *