Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև իր անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով մայիսի 22-ին բարերարի և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որը կարևոր և խորհրդանշական քայլ է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում։
Դիմելով բարերարին՝ Անդրեասյանը նշեց՝ այն գործը, որը նա սկսել է և կշարունակի պետության հետ միասին, հնարավորություն կտա ներկայացնել մեր ժառանգությունը և ակտիվ ստեղծագործելու միջավայր ստեղծել։
«Պարոն Դեր Բեդրոսյանն իր նախաձեռնությամբ դեպի Գառնի ճանապարհին սկիզբ էր դրել համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը, շենքի կառուցմանը։ Ունենալով նաև շատ արժեքավոր հավաքածու՝ նպատակ ուներ այդտեղ ստեղծել նոր թանգարան։ Նա պետությանն է փոխանցում այդ ամենն այն ակնկալիքով, որ մենք դա ավարտին կհասցնենք և կունենանք գործող և շատ բարձրակարգ թանգարան, որտեղ գորգը կլինի առանցքային։ Կարծում եմ՝ մասնագիտական մեծ աշխատանքի անհրաժեշտություն ունենք ճիշտ ցուցադրություն գտնելու և թանգարանը ներկայանալի վայր դարձնելու համար՝ չմոռանալով, որ խոսում ենք դեպի Գառնի ճանապարհի մասին. ամեն տարի Գառնիում հյուրընկալում ենք 100 հազարավոր զբոսաշրջիկների, որոնք կարող են հյուրընկալվել նաև թանգարանում»,-ասաց Անդրեասյանն ու ընդգծեց՝ շենքը կառուցված է, մնացել են շատ փոքր աշխատանքներ, որոնք պետությունը կստանձնի և կիրականացնի։
Նախարարը հույս ունի, որ շենքի բացումը հնարավոր կլինի ազդարարել այս տարվա հոկտեմբերին։
Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանն էլ խոստովանեց, որ միշտ մտածել է համագործակցության մասին։ «Միասին շատ ավելի հետաքրքիր և ստեղծարար կարող ենք լինել։ Հայաստանն ու սփյուռքը միշտ են համագործակցել, սակայն ժամանակն է այդ կամուրջներն առավել մոտեցնելու և գործնական վիճակի բերելու։ Վստահ եմ, որ բազմաթիվ մարտահրավերներ կլինեն. միասին պետք է շատ քննարկումներ լինեն։ Շատ խանդավառված եմ, որ աշխատելու ենք, նորություններ ենք ներկայացնելու»,-ասաց նա։
Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն, որը կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև՝ որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը։ Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի այդ հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։
Բարերարի կողմից իրականացվող նվիրատվությունը պետություն-մասնավոր համագործակցության և մշակույթի զարգացման գործում անհատական պատասխանատվության դրսևորման կարևոր օրինակ է։ Այն ոչ միայն մեծ ներդրում է Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում, այլև բացառիկ իրադարձություն՝ ուղղված ազգային արժեքների պահպանությանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
