«Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի կազմի մեջ կրտսեր գործընկերոջ իրավունքներով, հանդես է գալիս ռազմածովային ուժերն ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական փաստաթղթում, որը շուտով կներկայացվի վարչապետ Սանաե Տակաիչիի քննարկմանը,- հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:
Ճապոնիայում պատրաստվում են մշակել անվտանգության ոլորտում երկրի քաղաքականության հիմնական սկզբունքների վերանայման նախագծեր։ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)՝ կառավարող կոալիցիայի գլխավոր ուժը, արդեն պատրաստել է իր առաջարկները: Դրանցում ատոմային սուզանավերի և միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարման հարցը չի հիշատակվում, չնայած ԼԴԿ-ում, ինչպես հաղորդվում է, քիչ չեն այդ դիրքորոշման կողմնակիցները:
