ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ մինչև 2025 թվականի նոյեմբերն ստացել է անապահովության նպաստ, որից հետո դրա վճարումը դադարեցվել է:
Քաղաքացին նշել է, որ դիմել է իրավասու մարմնին՝ խնդրի լուծման նպատակով, սակայն արդյունքի չի հասել։ Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ անապահովության նպաստը, ինչպես նաև չստացած ամիսների նպաստը ստանալու հարցում։
Բողոքի քննության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության արդյունքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ։
Արդյունքում քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսների չվճարված նպաստը։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
