12-շաբաթյա ինտերվալային ծոմապահության ծրագիրը կարող է նպաստել քաշի կորստի արդյունքների պահպանմանը ծրագրի ավարտից առնվազն մեկ տարի անց։ Նման եզրահանգման են եկել Գրանադայի համալսարանի հետազոտողները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակել են Clinical Nutrition ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 99 չափահաս, որոնց կեսը կանայք էին։ Գիտնականները պարզել են, որ սննդի ընդունումը ութժամյա պատուհանով սահմանափակած մասնակիցներն ավելի լավ են պահպանել կորցրած քաշը՝ համեմատած նրանց հետ, որոնք շարունակել են սնվել օրական 12 ժամ և ավելի։
Հետազոտողներն ուսումնասիրել են ինտերվալային ծոմապահության տարածված 16:8 ռեժիմը, որի դեպքում մարդը հրաժարվում է սննդից 16 ժամ, իսկ սնվում է միայն մնացած 8 ժամվա ընթացքում։
Մասնակիցները բաժանվել են մի քանի խմբի․ մեկը սնվել է 9:00-ից 17:00-ն, մյուսը՝ 13:00-ից 21:00-ն, իսկ երրորդն ինքնուրույն է ընտրել իրեն հարմար ութժամյա պատուհանը։
Ծրագրի ավարտից մեկ տարի անց ինտերվալային ծոմապահություն պահպանած երկու խմբերում էլ քաշի նվազումն ավելի ակնառու է պահպանվել՝ ստուգիչ խմբի համեմատ։ Ընդ որում, վաղ ռեժիմին հետևած մասնակիցների մոտ ճարպային զանգվածի նվազումն ավելի կայուն է եղել։
Առաջին 12 շաբաթվա ընթացքում բոլոր մասնակիցները ստացել են նաև միջերկրածովյան դիետային հետևելու խորհրդատվություն։ Հետազոտողները գնահատել են մարմնի զանգվածը, ճարպային հյուսվածքի քանակը և մարմնի մկանային զանգվածը՝ նախքան հետազոտությունը, ծրագրի ավարտից անմիջապես հետո և 12 ամիս անց։
Այս աշխատանքը Nature Medicine ամսագրում ավելի վաղ հրապարակված հետազոտության շարունակությունն է, որը ցույց է տվել, որ սննդի ընդունման ժամանակի սահմանափակումը թույլ է տալիս լրացուցիչ կերպով նվազեցնել մարմնի զանգվածը 3–4 կգ-ով՝ միայն դիետոլոգիական խորհրդատվության համեմատ, անկախ սննդի ընդունման ժամից։
Հետազոտության առաջին հեղինակ, դոկտոր Ալբա Կամաչո-Կարդենյոսան նշել է, որ նախկինում հայտնի էր կարճաժամկետ հատվածում քաշի չափավոր նվազում առաջացնելու ինտերվալային ծոմապահության հատկությունը, սակայն երկարաժամկետ ազդեցությունը բավարար չափով ուսումնասիրված չէր։
«Գնահատելով մասնակիցների վիճակը ծրագրի ավարտից 12 ամիս անց՝ մենք ցույց տվեցինք, որ ձեռք բերված արդյունքը պահպանվում է նաև երկարաժամկետ հեռանկարում», — ասել է նա։
Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ մասնակիցը հետազոտության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ինքնուրույն շարունակել է հետևել ինտերվալային ծոմապահությանը, ինչը վկայում է այն մասին, որ սննդակարգի նման ռեժիմը համեմատաբար հեշտ է ինտեգրվում առօրյա կյանքում։
Հեղինակների կարծիքով՝ նույնիսկ 12-շաբաթյա ինտերվալային ծոմապահությունը կարող է արդյունավետ ռազմավարություն դառնալ ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող անձանց մոտ մարմնի զանգվածի միջնաժամկետ վերահսկման համար։ Քանի որ ինչպես վաղ, այնպես էլ ուշ ժամային պատուհաններն ապահովել են կայուն արդյունք, պացիենտները կարող են ընտրել այն ռեժիմը, որն ավելի լավ է համապատասխանում իրենց ապրելակերպին, ինչն էլ մեծացնում է դրան երկարատև հետևելու հավանականությունը։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
