Լիբանանի ընդլայնված պատվիրակությունը երեքշաբթի օրը կմեկնի Հռոմ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար,- հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը։
Նշվում է, որ պատվիրակության կազմը կարող է ընդլայնվել՝ կախված իրադարձությունների զարգացումից։
Պարբերականի տվյալներով՝ Բեյրութը ցանկանում է ապահովել Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը և ձգտելու է համաձայնության հասնել երկրորդ «փորձնական գոտու» շուրջ, ինչը ճանապարհ կհարթի իսրայելական զորքերի դուրսբերման և լիբանանյան բանակի տեղակայման համար։
Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթն ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելցի զինվորականների փուլային հեռացում և «պիլոտային գոտիներում» լիբանանցի զինծառայողների կողմից «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում։ Դրանց մեջ են մտել Զաքթար ալ-Ղարբիա քաղաքի շրջանը, ինչպես նաև Ֆրուն և Սրիֆա գյուղերը։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
