Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումը տեղակայվում է Ռուսաստանի արևմուտքում և կարող է 120 բալիստիկ հրթիռ ու վեց արձակման կայանք ստանալ՝ Ուկրաինային հարվածելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակը։
Սրան զուգահեռ, Ուկրաինան հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոցների սուր պակաս ունի։ Ռուսաստանը փորձում է օգտվել դրանից և ավելացրել է դժվար խոցելի բալիստիկ հրթիռների կիրառումը։
Չերնյակի խոսքով՝ Ռուսաստանը ծրագրում է Հյուսիսային Կորեայի շուրջ 90 զինվորականից բաղկացած հրթիռային ստորաբաժանում տեղակայել Վորոնեժում։
Փհենյանն արդեն Ռուսաստան է ուղարկել KN-23 և KN-24 տեսակի 40 նոր հրթիռ, ինչպես նաև սպասարկող անձնակազմ։ Սակայն, ինչպես նշել է Չերնյակը, տեղակայման վերջնական ձևաչափն ու հրթիռների ընդհանուր քանակը կորոշվեն հաջորդ ամիս կայանալիք բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում։
