Հրազդան քաղաքում Firebird ընկերության կողմից գործարկվել է տարածաշրջանում խոշորագույն NVIDIA DSX AI-ի հենքով արհեստական բանականության գործարանը։
AI գործարանի ստեղծման ծրագրի առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 450 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ այս գործարքի շրջանակում սինդիկատի կողմերը միավորվել են մեկ գաղափարի և մեգանախագծի շուրջ՝ Firebird-ին տրամադրելով 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
«Այս գործարքը կարևոր քայլ էր նաև Հայաստանի ֆինանսական շուկայի համար։ Վեց ֆինանսական կառույցների համախմբումը մեկ խոշոր տեխնոլոգիական նախագծի շուրջ հնարավորություն տվեց համատեղել բանկային և ներդրումային կապիտալը և ձևավորել նման մասշտաբի ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսավորում։ Նախագծի գործարկումն այսօր արդեն ցույց է տալիս, որ այդ ֆինանսավորումը վերածվում է իրական ենթակառուցվածքի և նոր հնարավորությունների՝ Հայաստանի տնտեսության և միջազգային տեխնոլոգիական համագործակցության համար», – նշել է Արդշինբանկի վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը։
Սինդիկատի կազմում Արդշինբանկի հետ մասնակցել են Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ֆասթ Բանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդը։
__
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
