ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրավիրել է նիստ։

Այն վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները քննարկել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։

Ելույթում Արգիշտի Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ «Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է»,- նշել է թեկնածուն և հավելել, որ ունենալով ուժեղ և զարգացած տնտեսություն՝ մենք կունենանք ուժեղ և խաղաղ երկիր։

Քվեարկության արդյունքում Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *