«Ողբերգության մասշտաբները սարսափելի են…. Դեպքի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ», – հավելել է նա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ ռուսական կողմն ավիառումբերով մի քանի հարված է հասցրել դպրոցի շենքին, որտեղ այլևս դասեր չեն ընթանում, սակայն շենքն օգտագործվում է ամեն երկուշաբթի մարդկանց մարդասիրական օգնություն բաժանելու համար։ Բացի այդ, այնտեղ գործում է ապաստարան։ Ըստ Զելենսկու՝ մի քանի ավիառումբով առաջին հարվածը հասցվել է, երբ մարդիկ ժամանել են, այնուհետև ավիառումբերով երկրորդ հարվածն է հասցվել ապաստարանին։
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին նույնպես հայտնել է, որ Ռուսաստանը Կամիշևախա բնակավայրում «նպատակային հարված է հասցրել դպրոցին», որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում տեղի բնակիչներին։ Նրա խոսքով՝ առաջին հարվածից հետո մարդիկ պատսպարվել են ապաստարանում, որից հետո ևս 9 ավիառումբով հարված է հասցվել ապաստարանին։
Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել Կամիշևախային հարվածը։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկովում բուժհաստատության, որի հետևանքով 62 մարդ է վիրավորվել։ 200 բուժառու տարհանվել է։
Դնեպրում առավոտյան հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 17 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են ամբուլատոր կենտրոնի շենքը և քաղաքի հիվանդանոցներից մեկը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը Telegram-ում հայտնել է, որ ԱԹՍ-ներից 124-ը թիրախավորել են Յարոսլավլի մարզում նավթավերամշակման գործարանը։ Ըստ նահանգապետի՝ ենթակառուցվածքին վնասներ են հասցվել, հրդեհ է բռնկվել։ 2 մարդ վիրավորվել է։ Վնասվել են նաև բազմաբնակարան և մասնավոր տներ։
