ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովին իր կանոնադրական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 7 մլրդ 600 մլն դրամ։
Գալիք տարվա բյուջեի նախագծով օրենսդիր մարմնի ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները ներկայացնելիս նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանն ու հավելել, որ միջոցներն ուղղվելու են Ազգային ժողովի գործունեության ապահովմանը, խորհրդարանական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանը։
Պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում շարունակվել են 2027 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ ֆինանսական հատկացումներն ունեն 7 հիմնական ուղղություն։ Դրանք են՝
- Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ՝ 6,3 մլրդ դրամ,
- ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում՝ շուրջ 1 մլն դրամ,
- ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միցոցառումների իրականացում՝ 41 մլն դրամի շրջանակում,
- Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ՝ 136,5 մլն դրամի չափով,
- Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին՝ 717,3 մլն դրամ,
- ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում՝ 262 մլն դրամի շրջանակում,
- ԱԺ շենքային պայմանների բարելավում` 111.6 մլն դրամի շրջանակում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
