2020-2023 թվականների պատերազմների, ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով Արցախի ողջ տարածքում բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կողմից, սակայն հատկապես կարևոր է արձանագրել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։Ստեփանակերտը` որպես Արցախի պետականության, ինքնության կենտրոն վերջին տարիներին ենթարկվել և շարունակում է ենթարկվել թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի թիմը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների և մշտադիտարկման գործողությունների արդյունքում պարզել է քաղաքում մի շարք հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Այս գործընթացները զերծ չեն եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասայական ատելություն քարոզող հռետորաբանությունից։ Մասնավորապես՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ :
Ինչ վերաբերում է պատմական եզակի վկայությունների ոչնչացմանը, ապա նշենք, որ ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Ոչնչացվել են նաև Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը:
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
