Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ քարոզարշավի շրջանակներում շրջել են Մեծամոր քաղաքում ու տեսել, որ այն 20 տարվա հնության շինարարությամբ քաղաք է։ Նրա խոսքով՝ Մեծամորում խորհրդային ժամանակներից ի վեր մեծ փոփոխություններ չկան` բացի փոքր կրպակների վերանորոգումից։

«Այս քաղաքում չկա այն մեծ շարժը, որ պետք է լիներ երկրի էներգետիկ սրտում (խմբ․ նկատի ունի այն հանգամանքը, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը գտնվում է Մեծամոր քաղաքում)։ Մեր երկրում պետք է այսպես լինի․ եթե տեղում կա գործարան, կա հիմնարկ, կա ատոմակայան․․․ ատոմակայանի վճարած հարկերի մեծ մասը պետք է հետ գա Մեծամորին, որպեսզի քաղաքն ակտիվ զարգանա։ Շատ կարևոր է նաև քաղաքի շրջակայքի զարգացումը։ Ի՞նչ է դա իր մեջ ներառում։ Խոսքն Արարատյան դաշտի այգեգործության մասին է։ Մենք Արարատյան դաշտում այգեգործության մեջ մի ունիկալ խնդիր ունենք․ ամենաշատ ջրային ռեսուրսներ ունեցող երկրում մենք ջրի հետ կապված խնդիր ունենք, մասնավորապես, Արմավիրի մարզում ժողովուրդը ջրի խնդիր ունի։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Պատճառը հին ոռոգման համակարգերն են, որոնց վրա ոչ մեկը գործ չի արել։ Պատճառն այն է, որ այս հարստությունը, որն Աստված մեզ տվել է, մենք չենք կարողանում նորմալ տնօրինել։ 95 տոկոս ջրի կորուստ ենք ունենում։ Ջուրը պետք է խնդիր չլինի այստեղ, իսկ որպեսզի խնդիր չլինի, մենք պետք է լուծենք Սևան-Հրազդան կասկադի մի շարք խնդիրներ»,- ասել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև վարկերի թեմային։ Նա բերել է Վրաստանի օրինակը, որտեղ վարկերի տոկոսադրույքն 8 տոկոս է, իսկ Հայաստանում՝ 15, 20, 22, 24 տոկոս։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *