Հանրապետությունում բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման արդյունքների համաձայն՝ գրանցվել է 16 հազար 482 դիմորդ։ Արդյունքում Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնելու է 21 հազար 130 դիմորդ-քննություն։

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ ամռանը նախատեսված ընդունելության 2-րդ փուլում ավելի քիչ քննություն է անցկացվելու, քան հունվար-փետրվար ամիսներին էր։

«Ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է՝ դիմորդները քննություն հանձնելու հնարավորություն ունեն ինչպես հունվար-փետրվարին, այնպես էլ ամռանը։ Սովորաբար առմանն ավելի շատ քննություններ են անցկացվում, քան ձմռանը, սակայն այս տարի պատկերը փոխվել է։ Այս տարի ամռանը մենք կազմակերպելու ենք 21 հազար 130, իսկ ձմռանը կազմակերպել ենք 23 հազար 472 դիմորդ-քննություն։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հունվար-փետրվար ամիսներին քննություն տված շրջանավարտները գոհ են իրենց գնահատականից և ամռանն արդեն չեն ցանկանում մասնակցել քննություններին»,-ասաց Կարո Նասիբյանը։

Չնայած հունվար-փետրվարին տրված քննությունների արդյունքները գոհացուցիչ են եղել շատ շրջանավարտների համար ու չեն ցանկացել ամռանը քննություններին մասնակցել, սակայն նրանք պարտավոր էին հայտագրել՝ նշել, որ պահպանում են իրենց գնահատականները, ինչպես նաև բուհը և մասնագիտությունը։ Չնայած իրազեկման աշխատանքներին՝ ամեն դեպքում եղել են դիմորդներ, որոնք չեն հասցրել սահմանված ժամկետում հայտագրել։ Հայտագրման ժամկետը ապրիլի 15-ից մայիսի 10-ն էր։

«Մենք բազմաթիվ աղբյուրներով իրազեկել ենք դիմորդներին, նույնիսկ հայտագրման վերջնաժամկետից օրեր առաջ մի քանի անգամ sms հաղորդագրություն ենք ուղարկել։ Այդքանից հետո պարզվել է, որ 70 դիմորդ չի հայտագրվել։ Սա խնդիր է, որը նախկինում ևս ունեցել ենք, և որի լուծումը ԳԹԿ-ի իրավասության մեջ չէ։ Միայն ԿԳՄՍ նախարարության որոշմամբ նրանք կարող են հնարավորություն ունենալ մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին»,-ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝  հունիսի 12-ին կկայանան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/, հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն», հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներից քննություններ։ Հաջորդիվ անցկացվելու են լրացուցիչ քննությունները։

Ինչ վերաբերում է մասնագիտությունների ընտրությանը, ապա Կարո Նասիբյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ միտումը հիմնականում պահպանվում է։

«Այս տարի ևս մրցակցությունը բավականին բարձր է Երևանի բժշկական համալսարանում ստոմատոլոգիա կրթական ծրագրով, երբ 1 տեղի համար ցուցանիշը 2,9 է, երկրորդ տեղում բուժական գործն է՝ 1 տեղի համար 2,3։ Հաջորդ մասնագիտությունը, որտեղ ևս մրցակցություն կա, իրավագիտությունն է՝ ԵՊՀ-ում, 1 տեղի համար ցուցանիշը 2,1 է։ Այստեղ կցանկանայի նշել, որ այս տարի դիմորդների շրջանում բավականին պահանջարկ ունի դիզայնի մասնագիտությունը»,-ասաց Կարո Նասիբյանը։

Դիմորդների ընդհանուր թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարան և այլն։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *