Նիկոլ Փաշինյանի իշխանության 8-ամյա գործունեության հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները մտել են փակուղի։ Սա այլևս կանխատեսում չէ, այլ դառը իրականություն։ Ողբերգականն այն է, որ տնտեսապես և էներգետիկ առումով Ռուսաստանից ավելի քան 80 տոկոսով կախված Հայաստանի իշխանությունը շարունակում է մոլորեցնել հանրությանը՝ կեղծ խոստումներով։
Գործընթացի տրամաբանությամբ, եթե Փաշինյանի կառավարումը շարունակվի, հայ-ռուսական հարաբերություններն ավելի անկայուն կդառնան՝ ՀՀ շարքային քաղաքացու համար աղետալի հետևանքներով։ Քանի որ շուտով խանութներում ականատեսը կլինենք հացի և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պակասի, պարբերաբար կբախվենք էներգետիկ խնդիրների, արտադրանքի իրացման դժվարությունների պատճառով կաճի գործազրկությունը, իսկ Ռուսաստանից տրանսֆերների արգելափակումը հազարավոր ընտանիքների սոցիալական կացությունը կհասցնի ծայրահեղ վիճակի։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք պատրաստ ենք դիմագրավել այս մարտահրավերներին, կամ հանուն ինչի՞։ Իշխող վերնախավը ո՛չ կկրի այդ ծանրությունը, ո՛չ էլ այլընտրանք կառաջարկի։
Օրինակ, Գյումրի-Կարս երկաթուղին վերագործարկելու փոխարեն՝ տեսանք, որ առաջարկվում է ավելի երկար և ոչ արդյունավետ Ախալքալաք-Կարս երթուղին։ Մնում է, որ հայ արտադրողները հնարավորություն գտնեն Հայաստանում աճեցրած լոլիկը կամ ծաղիկը վաճառել թուրքական կամ ադրբեջանական շուկաներում։ Բայց կգտնե՞ն արդյոք։
Ահա թե որն է «նիկոլիզմի» ողջ պերճանքն ու թշվառությունը․․․
Գրիգոր Լալայան
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
