Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների պատշաճ կատարման և դրանց միջոցով ստացված փաստական տվյալների համակցված գնահատման, քննության արդյունավետ պլանավորման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:
Մասնավորապես քննությամբ պարզվել է, որ դեռևս 2022 թվականի հունվարի 21-ին Ի. Ա.-ն Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 38/3 հասցեի պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ վերջինիս սպանել են իր հետ համատեղ բնակվող ամուսիններ Ե. Մ.-ն և Ա. Թ.-ն:
Նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի և համակցված քննության արդյունքում հիմնավորվել է, որ Ե. Մ.-ն և Ա. Թ.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2022 թվականի հունվարի 21-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել են Ի. Ա.-ին՝ նախ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգ ներկայացնող մարմնական վնասվածքներ, ապա բնակարանի խոհանոցի պատուհանից նետել են դուրս՝ այդ կերպ սպանելով նրան:
2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ՝ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարված սպանությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
