Հունիսի 15-ին ռուսական զորքերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ։ Այլ թիրախների շարքում կրակի տակ է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Կիև-Պեչորյան մայրավանքը՝ հիմնված 1051 թվականին:
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է մայրավանքի տարածքում խոշոր հրդեհի մասին, իսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է համալիրի գլխավոր եկեղեցու՝ Պայծառակերպության տաճարի տանիքում։
«Նախևառաջ կազմակերպվել է սրբությունների և ծիսական առարկաների, հնագույն սրբապատկերների, անտիմինսների և այլ սրբությունների հրատապ տարհանումը, որոնք ոչ միայն եկեղեցական, այլև ազգային և համամարդկային արժեք են ներկայացնում»,- հայտնել է Եպիսկոպոս Ավրաամին:
Եպիսկոպոսը հիշեցրել է, որ Կիև-Պեչերսկի մայրավանքի տարածքը Ուկրաինայի եզակի հոգևոր, պատմական և մշակութային սրբավայրն է, որը դարեր շարունակ մնում է ուղղափառ կյանքի գլխավոր կենտրոններից մեկը և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
Ուկրաինայի մայրաքաղաքի այլ հատվածներում ևս հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ շուկային և մթերային խանութին, 25-հարկանի բնակելի շենքին։ Շևչենկոյի շրջանում զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 25-ը, վնասվել են մայրաքաղաքի հյուսիսային մասում էլեկտրահաղորդման գծերը։ Կլիչկոյի խոսքով՝ դրա հետևանքով 140 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
