Ժամանակակից աշխարհում պետության ուժը գնահատվում է ինչպես նրա տնտեսական ու ռազմական ներուժով, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ, որը ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա բնորոշմամբ՝ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ՝ այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:
«Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը և միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար: Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում «ճանապարհորդել» տարբեր պետությունների տարածքներով և իրավազորությունների ուղիներով՝ մինչև կլվացվեն ու կօրինականացվեն, իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները»,-նշել է Վարդապետյանը։
Դատախազի խոսքով՝ այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին, հետևաբար, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների համագործակցության խորությամբ, այդ թվում՝ իրավապահ ու դատական համակարգերի համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ, որը երկխոսություն սկսելու նախապայմանն է։
