Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։
Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է. «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։
Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը. «Գործիքը կամավոր ատեստավորումը պետք է լինի, և կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Սա պետք է լինի շարունակական»։
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ «Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետև ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում և ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Կարծում եմ՝ հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաև ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, սրանից բխող բոլոր հարցադրումներով և պատասխաններով՝ անպայման պետք է զարգանա, և դա նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում»։
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հանգամանքը, որը պետք է շարունակաբար զարգացնել։
Ելույթով հանդես է եկել նաև Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, ով իր խոսքում անդրադարձել է համակարգի գործունեության հետևողական բարելավմանն ուղղված աշխատանքներին և ծրագրերին։
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների:
