Բազմածաղիկ մեղրը կարող է հիմք դառնալ նոր միջոցների ստեղծման համար, որոնք պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից և ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ առաջացած վնասվածքներից: Նման եզրակացության են հանգել Սասարիի համալսարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են բնական միացությունների ազդեցությունը մարդու մաշկի բջիջների վրա, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:
Գիտնականները պարզել են, որ մեղրի փոքր խտացումներն օգնում են մաշկի բջիջներին ավելի լավ հաղթահարել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ առաջացած սթրեսը, ուժեղացնում են հակաօքսիդանտային պաշտպանությունը և կարող են դանդաղեցնել բջիջների ծերացմանն առնչվող գործընթացները:
Փորձի համար գիտնականներն աճեցրել են մարդու մաշկի բջիջների տարբեր տեսակներ՝ մաշկի ցողունային բջիջներ, ֆիբրոբլաստներ և կերատինոցիտներ: Դրանք տեղադրվել են կենդանի մաշկի պայմանները նմանակող հատուկ բիոռեակտորային համակարգում:
Արդյունքները ցույց են տվել, որ մեղրն օգնել է մաշկի բջիջներին ակտիվացնել պաշտպանական մեխանիզմները: Ցողունային բջիջներում մեծացել է հյուսվածքների նորացման և վերականգնման ունակությանն առնչվող գեների ակտիվությունը, իսկ ծերացմանն առնչվող որոշ գեների ակտիվությունը նվազել է:
Բացի դրանից, մշակված բջիջներն ավելի քիչ ազոտի օքսիդ (բորբոքային սթրեսի հետ կապված նյութ) են արտադրել և ցուցաբերել են ավելի բարձր հակաօքսիդանտային ակտիվություն:
Հետազոտողների գնահատմամբ՝ մեղրը ոչ թե պարզապես խթանել է վնասվածքների ուժգնացած վերականգնումը, այլ օգնել է բջիջներին պահպանել ավելի կայուն վիճակ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից հետո:
Գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ ազդեցության մոլեկուլային մեխանիզմները և այժմ ստուգում են՝ արդյոք գեների ակտիվության փոփոխություններն արտացոլվում են բջիջների ներսում սպիտակուցների մակարդակի վրա:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
