ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստր Բելլա Մանուկյանը հեղափոխությունից հետո ստեղծված, ամբողջությամբ պետական բաժնեմասով կազմակերպություն հանդիսացող «ԱՆԻՖ»-ի դուստր ձեռնարկություններից մեկի տնօրենն էր։
«ԱՆԻՖ»֊ը տարբեր գնահատականներով պետությանը հասցրել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս, իսկ նրա տնօրեն Դավիթ Փափազյանը գտնվում է հետախուզման մեջ։
Վերջինիս գործակիցներից Բելլա Մանուկյանի մեղադրանքը` ստորև.
«Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Բելլա Հովհաննեսի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ապրիլի 30-ից մինչև 2024 թվականի փետրվար ամիսը զբաղեցնելով «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության տնօրենի և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի պաշտոնները, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության («ԱՆԻՖ») տնօրեն, ինչպես նաև «ԱՆԻՖ»-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի ապրիլի 10-ին ստեղծված՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի դրդմամբ չարաշահել է իր ծառայողական լիազորությունները՝ հանցավոր նպատակին հասնելու համար վերջինիս հետ նախնական համաձայնությամբ օգտագործելով իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթուղթ»:
