Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետև ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ներկա են եղել նաև Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը և բոլոր գործընկերներին, հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցմանն աջակցելու համար, ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության և բարեկամության։
Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։
ՆԳ նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը՝ նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար՝ ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները և մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։
