Մերձավոր Արևելքում բարձր լարվածության պատճառով անվտանգության ոլորտում իրավիճակը մնում է բարդ, և պահպանվում է անկանխատեսելի սրացման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Երուսաղմում ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Մենք տարածաշրջանում գտնվող ամերիկացիներին հիշեցնում ենք զգուշություն ցուցաբերելու մշտական անհրաժեշտության մասին և հորդորում ենք հետևել նորություններին։ Տարածաշրջան կամ դրա տարանցմամբ ճանապարհորդող ամերիկացիները նույնպես պետք է իրենց ավիափոխադրողներից ճշտեն՝ արդյոք չվերթները կայանալու են, թե ոչ։
Ամերիկացիները պետք է հաշվի առնեն այս գործոնները Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ ուղևորություններ պլանավորելիս, ինչպես նաև ձեռնպահ մնան Գազա, Հյուսիսային Իսրայել և եգիպտական սահման (բացառությամբ Տաբայի անցակետի) մեկնելուց և վերանայեն Մերձավոր Արևելք ճամփորդելու իրենց ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ։
Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատունը, իր հերթին, խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Լիբանան։
