Պետդեպարտամենտը հուլիսի 22-ին նամակ է ուղարկել Կոնգրեսին առ այն, որ Թուրքիան դեռևս չի համապատասխանում F-35 կործանիչների վաճառքի համար անհրաժեշտ պահանջներին։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը, որի տնօրինության տակ է հայտնվել փաստաթուղթը։
Նամակում նշվում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է F-35-ների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան տիրապետում է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերին ու դրանց հետ կապված սարքավորումներին, ինչպես նաև քանի դեռ պարտավորություն չի ստանձնել ապագայում դրանք չգնելու և չի կատարել «Կոնգրեսի սահմանած հավաստագրման մյուս պահանջները»։ «Թուրքիան դեռևս չի համապատասխանում այս պայմաններին», — ասված է Կապիտոլիում ուղարկված Պետդեպի փաստաթղթում։
Թուրքիան դուրս է մնացել F-35 ծրագրից այն բանից հետո, երբ 2017 թվականին Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն է ձեռք բերել Ռուսաստանից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով, հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է տրամադրված հանրապետությանը F-35 կործանիչներ մատակարարելու հարցում։ Թրամփը նշել էր, որ ցանկանում է հավանություն տալ Թուրքիային կործանիչների վաճառքին․ միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, և հնարավոր քայլերի գնահատում է իրականացվում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
