ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Բացի այդ` պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։
Ծանուցում` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
