ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների թվայնացման գործընթացը շարունակվում է։ Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։
Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։
Ծրագրային նոր լուծումների ներդրմամբ նախատեսվում է թվայնացնել ոչ միայն դիմումների ներկայացման, այլև դրանց հետագա ընթացքի և վարչական վարույթների իրականացման գործընթացը։ Համակարգի թվայնացումը կնպաստի փաստաթղթաշրջանառության ծավալի կրճատմանը, վարչական գործընթացների օպտիմալացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։Անդրադարձ է կատարվել հարթակի գործարկմանն ու դիմումների ընդունման գործընթացի մանրամասներին, տվյալների ավտոմատ ստուգման և պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների ստացման հնարավորություններին, ինչպես նաև տարբեր շահառուների համար նախատեսվող հիմնական առանձնահատկություններին։ Քննարկվել են նաև գործընթացների պարզեցման և առավել արդյունավետ կազմակերպման ուղղությունները։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել հարթակի կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, և ապահովել անհրաժեշտ գործառույթների ամբողջական ներդրումը։
