Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։
2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։
Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։
Եթե, հակառակը, քաղաքական ուժերը կարևորում են Արցախի պետական և քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել։
Արցախի իշխանությունները պատրաստ են այդ բաց և քաղաքական երկխոսությանը։ Մենք չենք նախաձեռնում այս գործընթացը որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար։
Ընդհակառակը՝ ցանկանում ենք լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։
Քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հենց այս հարցերի շուրջ էլ ակնկալում ենք հստակ պատասխաններ»։
