Սեպտեմբերի 26–27-ը Երևանի AI9 Startup Campus-ում կայացավ Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակեցին իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։

Միջոցառումը նախաձեռնել էր Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ-ի, AI9-ի և YerevaNN-ի հետ համագործակցությամբ։

«Այս միջոցառումը լիովին համահունչ է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝ հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի», — նշում է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հեքաթոնի ընդհանուր մրցանակային փաթեթը կազմել է 105,000 ԱՄՆ դոլար՝ ներառելով 80,000 դոլարի դրամական մրցանակներ և OpenAI-ի տրամադրած՝ 25,000 դոլարի API կրեդիտներ։ Վերջիններս հաղթող թիմերին հնարավորություն կտան օգտվել OpenAI-ի ծառայություններից՝ իրենց լուծումները զարգացնելու համար։

Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը, որը ստեղծել է սարքավորումների հետ ինտեգրված արհեստական բանականության կառավարման միջավայր։ Թիմին շնորհվել է 50,000 դոլար դրամական մրցանակ և 12,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը, որը մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության (VLA) մոդելների ուսուցման ենթակառուցվածք։ Թիմին շնորհվել է 20,000 դոլար դրամական մրցանակ և 8,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը, որը կառուցել է ԱԲ գործակալների վրա հիմնված ինքնավար անվտանգության հարթակ։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները, առաջարկում և թեստավորում համապատասխան շտկումները։ Թիմին շնորհվել է 10,000 դոլար դրամական մրցանակ և 5,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Firebird Build նախաձեռնությունն ընկերության ավելի լայն տեսլականի մասն է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ ընդլայնել տեղական մասնագետների և ստարտափների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունների միջոցով Firebird-ը նպաստում է մի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանում աշխատող թիմերը կարող են օգտվել առաջատար տեխնոլոգիաներից ու միջազգային փորձից՝ ստեղծելով համաշխարհային շուկայի համար նախատեսված արտադրանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *