ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ։
«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:
Միաժամանակ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
