Նախօրեին Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա:

Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:

Գաղափարը ողջունելի է՝ տեղավորվում է հեղափոխական տրամաբանության մեջ, սակայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի  32 հոդվածը հստակ սահմանում է այն 2  դեպքը, երբ, հնարավոր է սեփականաշնորհման գործարքը ճանաչել անվավեր․

Հոդված 32․ Մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչելը

Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը սույն օրենքով ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձը սույն օրենքով իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:

Ինչ վերաբերում է ներդրումներ կատարելու վերաբերյալ ստանձնած տարատեսակ պարտավորություններին, ապա դրանց կատարել կամ չկատարելը՝ այն էլ 30-ամյա ինտերվալում,  սերտորեն կապված է պետության հետ առնչվող  բազմաթիվ իրողությունների հետ (ներդրումային միջավայր, պետական բյուջեի  կատարում, կոռուպցիայի մակարդակ, այլ), հետևաբար ներդրումներ կատարելու պարտավորության հատվածը ավելի շատ կրում է հուշագրի բնույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *