ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։
Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։
