Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Վարույթը վերաբերում է վեհափառի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելուն։ Միջնորդության քննությունը նախատեսված է նոյեմբերի 16-ին։
Դատավոր Մանուկյանը այս գործով առաջինն է ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ գործն ուղարկել էր Երևանի քրեական դատարան:
Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, որն էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու նպատակով։
Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին, ավելին՝ կոշտ գնահատական տվել Սերժ Ռուշանյանի որոշմանը՝ նշելով, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով՝ դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ՝ դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:
Գործը կրկին փոխանցվել էր Ռուշանյանի վարույթ։
